ՊԱՐՏԱԴԻՐ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲՈՒԺԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀՀ-ՈՒՄ ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 15 ՀՈՒԼԻՍԻ 2004 Թ. N 1089-Ն ՈՐՈՇՄԱՆ

20 Օգոստոսի 2025, Չորեքշաբթի
ՊԱՐՏԱԴԻՐ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲՈՒԺԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀՀ-ՈՒՄ ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 15 ՀՈՒԼԻՍԻ 2004 Թ. N 1089-Ն ՈՐՈՇՄԱՆ

Հայաաստանի Հանրապետությունում նախնական և պարբերական բժշկական զննությունը պարտադիր է որոշակի ոլորտներում՝ արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատողների համար:

Նախնական բժշկական զննության նպատակն է պարզել նշված պայմաններում աշխատանքի դիմողների առողջական վիճակը՝ արդյո՞ք նշված անձանց ֆիզիկական ու առողջական վիճակը թույլ է տալիս աշխատել նման պայմաններում, և չկան արդյոք հակացուցումներ: Աշխատանքի անցնելուց առաջ նախնական պարտադիր բժշկական զննությունը հնարավորություն է տալիս կանխելու աշխատանքային գործունեության ընթացքում առաջացող դժբախտ պատահարները, ընդհանուր, մասնագիտական, վարակիչ և մակաբուծային հիվանդությունները և ապահովել բնակչության աշխատանքի անվտանգությունն ու առողջությունը:

Նախական պարտադիր բուժզննությունից բացի, արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատողների համար պարտադիր է պարբերական բժշկական զննության անցկացումը, որի նպատակն է նրանց առողջական վիճակի հսկողությունը, մասնագիտական հիվանդությունների կանխարգելումն և դրանց սկզբնական նշանների ժամանակին հայտնաբերումը: 

Աշխատողների նախնական և պարբերական բժշկական զննությունը պետք է իրականացվի կազմակերպության ու օրենքով սահմանված կարգով գործունեության լիցենզավորում ունեցող բժշկական կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն:

Նախնական և պարբերական բժշկական զննություն անցկացնող բժշկական հանձնաժողովում ընդգրկվող բժիշկ-մասնագետների կազմը և նախատեսվող լաբորատոր, գործիքային ու ֆունկցիոնալ հետազոտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԲՈՒԺԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Նախնական բժշկական զննության ենթակա են աշխատանքի ընդունվող այն բոլոր անձինք, որոնք աշխատելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում ներառված վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում:

Բժշկական զննության ենթակա անձը կազմակերպության տնօրինության կողմից տրված ուղեգրով ներկայանում է օրենքով սահմանված կարգով գործունեության լիցենզավորում ունեցող բժշկական կազմակերպություն: Ուղեգրում պետք է նշված լինեն զննության ենթակա անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, մասնագիտությունը, աշխատատեղի վնասակար և վտանգավոր գործոնների ցանկը:

Նույն մասնագիտությամբ, աշխատանքի համանման պայմաններով այլ աշխատանքի տեղափոխությունը համարվում է աշխատանքային գործունեության շարունակություն: Նման դեպքում կատարվում է պարբերական բժշկական զննություն` սահմանված ժամկետներում:

Բժշկական զննության արդյունքները ձևակերպվում են համապատասխան պաշտոնական բժշկական փաստաթղթերում:

Նախնական բժշկական զննության ենթարկված յուրաքանչյուր անձի համար տրվում է վերջնական եզրակացություն մասնագիտական պիտանիության մասին` ելնելով նրա առողջական վիճակից:

Նախնական բժշկական զննության ենթարկված և վնասակար գործոնների առկայությամբ` աշխատանքային պայմաններում աշխատելու համար պիտանի ճանաչված անձանց տրվում է եզրակացություն` ուղեգրի առանձնացվող կտրոնով:

Այն անձանց, որոնց հակացուցված է վնասակար գործոնների առկայությամբ` աշխատանքային պայմաններում աշխատելը, եզրակացությունը չի հանձնվում, այլ ուղեգիրն ուղարկվում է տվյալ կազմակերպության տնօրինությանը` եռօրյա ժամկետում:

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲՈՒԺԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Պարբերական բժշկական զննությունը կատարվում է տարվա մեջ մեկ անգամ: Պարբերական բուժզննության ենթակա են այն աշխատողները, ովքեր աշխատանքային գործունեության ընթացքում ենթարկվում են արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը:

Պարբերական բժշկական զննությունը կազմակերպվում է` հաշվի առնելով կազմակերպության աշխատանքի ռեժիմը՝ հարմար ժամերին աշխատողների բժշկական օգնության մատչելիությունն ապահովելու համար: Բժշկական կազմակերպությունը, կազմակերպության տնօրինությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը (այսուհետ` տեսչություն), անհրաժեշտության դեպքում, իրավունք ունեն աշխատողներին ուղարկելու արտահերթ զննության՝ կազմակերպության հաշվին: Ուղեգրում պետք է նշվի արտահերթ զննության ուղարկելու պատճառը:

Կազմակերպության տնօրինությունն ապահովում է բժշկական զննությանն աշխատողների ժամանակին ներկայանալը և պատասխանատվություն է կրում դրա համար, ինչպես նաև նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած, բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար:

Պարբերական բժշկական զննության ընթացքում տվյալ աշխատանքային պայմանների համար բժշկական հակացուցումներ հանդիսացող հիվանդությունների հայտնաբերման դեպքում աշխատողների հետագա աշխատանքը շարունակելու հարցերը որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բժշկական զննության բոլոր տվյալները գրանցվում են համապատասխան բժշկական պաշտոնական փաստաթղթերում: Բժշկական կազմակերպությունը պարբերական բժշկական զննության ամփոփ արդյունքները` եզրափակիչ ակտով, 15-օրյա ժամկետում գրավոր ներկայացնում է կազմակերպություն և տեսչություն:

Բժշկական զննության ընթացքում մասնագիտական հիվանդությունների կասկածելի դեպքերի հայտնաբերման ժամանակ (եզրափակիչ ակտի հիման վրա) զննություն իրականացնող բժշկական կազմակերպությունը սահմանված կարգով նրանց ուղարկում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված` մասնագիտացված բժշկական կազմակերպություն` հատուկ հետազոտությունների կատարման միջոցով նախնական ախտորոշումը ճշգրտելու և հիվանդության կապը մասնագիտական գործունեության հետ հաստատելու համար:

Մասնագիտական պիտանիության և առողջական վիճակի պատճառով ժամանակավոր կամ այլ մշտական աշխատանքի տեղափոխման մասին բժշկական եզրակացությունը կազմակերպության տնօրինության կողմից ենթակա է պարտադիր կատարման:

 

Աղբյուրը՝ ՀՀ Կառավարության 15 հուլիսի 2004 թվականի N 1089-Ն որոշում

Վերջին հրապարակումները

fluger