ՊՐՈԼԱԿՏԻՆ ԵՎ ՀԻՊԵՐՊՐՈԼԱԿՏԻՆԵՄԻԱ

Ի՞նչ է պրոլակտինը և հիպերպրոլակտինեմիան
Պրոլակտինը հիպոֆիզի պրոլակտոտրոֆ բջիջների կողմից արտադրվող հորմոն է, որի հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիան համարվում է լակտացիայի (կաթնարտադրության) և «մայրական վարքի» ապահովումը: Արյան մեջ պրոլակտինի` նորմայից բարձր մակարդակը կոչվում է հիպերպրոլակտինեմիա:
Պրոլակտինի ի՞նչ քանակությունն է արյան մեջ համարվում նորմալ
Տարբեր լաբորատորաներում պրոլակտինի նորմաները կարող են տարբեր լինել: Հիմնականում նորմալ է համարվում <15նգ/մլ կամ <30նգ/մլ
1) Նորմայում կանանց մոտ մի փոքր ավելի բարձր է պրոլակտինի մակարդակը, քան տղամարդկանց մոտ, ինչը բացատրվում է էստրոգենների խթանող ազդեցությամբ
2) Հիպերպրոլակտինեմիան կանանց մոտ գրեթե 10 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:
3) Առավել հաճախ հանդիպում է ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ:
Կարո՞ղ է արդյոք հիպերպրոլակտինեմիան համարվել ֆիզիոլոգիական
️- Այո:
️1) Հղիության և կրծքով կերակրման շրջանում արյան մեջ պրոլակտինի` նորմայից բարձր մակարդակը համարվում է նորմալ
️2) Պրոլալտինի մակարդակը նորմայում բարձրանում է նաև քնի, ծանր ֆիզիկական աշխատանքի և սթրեսի ժամանակ (նշված վերջին դեպքերում բարձրացումը լինում է աննշան` սովորաբար չի գերազամցում 50մգ/մլ)
Որո՞նք են պաթոլոգիական հիպերպրոլակտինեմիայի (հիպերպրոլակտինեմիկ համախտանիշի) պատճառները
️- Ամենահաճախ հանդիպող պատճառը հիպոֆիզի` պրոլակտին արտադրող ադենոմաներն են` պրոլակտինոմաները (բարորակ ուռուցքներ են)
– Արյան մեջ պրոլակտինի >200նգ/մլ մակարդակը գրեթե միշտ վկայում է պրոլակտինոմայի առկայության մասին
️- այլ պատճառներից կարելի է նշել
- հիպոֆիզի ոտիկի ամբողջականության խախտումը` տրավմայի, վիրահատության, ինֆիլտրատիվ պրոցեսների, համապատասխան տեղակայման ուռուցքների պատճառով
- արյան մեջ պրոլակտինի մակարդակը բարձրացնող որոշ դեղորայքի կիրառումը
- հիպոթիրեոզը
- երիկամային անբավարարությունը, լյարդի ցիրոզը
- և այլն…
Ինչպե՞ս է կլինիկորեն արտահայտվում հիպերպրոլալտինեմիան
️- Կանանց մոտ հիպերպրոլալտինեմիայի ամենավաղ դիտվող կլինիկական դրսևորումը դաշտանային ցիկլի տարբեր բնույթի խանգարումներն են, որոնք էլ հենց պատճառ են հանդիսանում բժշկի դիմելու և հիմք են հանդիսանում տարբեր հորմոնալ հետազոտությունների անցկացման, վաղ ախտորոշման:
– Տղամարդկանց մոտ առաջին կլինիկական դրսևորումներն ի հայտ են գալիս լիբիդոյի (սեռական ցանկության) նվազմամբ, էրեկտիլ դիսֆունկցիայով, որոնց հաճախ ուշադրություն չեն դարձնում կամ կապում են հոգեբանական լարվածության հետ և երկար ժամանակ չեն դիմում բժշկի: Այդ պատճառով տղամարդկանց մոտ հիպերպրոլակտինեմիան գրեթե միշտ ավելի ուշ շրջանում է ախտորոշվում, քան կանանց մոտ:
– Կաթնանման հեղուկի արտադրություն կրծքագեղձերից (գալակտորեա), որի արտահայտվածությունը կարող է տատանվել սպոնտան հոսքից մինչև մի քանի կաթիլ` կրծքագեղձերի ուժգին ճնշման արդյունքում:
– Պետք է հաշվի առնել, որ գալակտորեան կարող է բացակայել նույնիսկ խիստ արտահայտված հիպերպրոլակտինեմիայի դեպքում:
– Հիվանդությունը լիարժեք դրսևորմամբ (դաշտանային ցիկլի բացակայություն (ամենորեա), անպտղություն, գալակտորեա) հիմնականում դիտվում է պրոլակտինոմա ունեցող կանանց մոտ:
Հիպերպրոլակտինեմիայի բուժման ի՞նչ տարբերակներ կան
️- վիրահատական
– ճառագայթային
– դեղորայքային
Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիպերպրոլակտինեմիայի պատճառից և մի շարք այլ հանգամանքներից:
Դեղորայքային բուժումը հիմնականում արվում է ողջ կյանքի ընթացքում
Կարելի՞ է արդյոք շարունակել դեղորայքային բուժումը հղիության և կերակրման շրջանում
– Թեև շատ հետազոտություններ ապացուցել են տվյալ դեղորայքի անվտանգությունը հղիության և կերակրման շրջանում, այնուամենայնիվ անմիջապես հղիանալուց հետո խորհուրդ է տրվում դադարեցնել դեղորայքի ընդունումը` հղիին պահելով խիստ ամենամսյա հսկողության տակ, որպեսզի ուռուցքի մեծացման մասին վկայող առաջին իսկ կլինիկական դրսևորումների իհայտ գալու դեպքում վերսկսվի դեղորայքի ընդունումը: Կերակրման շրջանը, որպես էդպիսին չի համարվում ուռուցքի չափերը խթանող ռիսկի գործոն, սակայն, ամեն դեպքում, այդ շրջանում ևս անհրաժեշտ է կնոջը պահել խիստ հսկողության տակ: