ԴԻՖՈՒԶ ՏՈՔՍԻԿ ԽՊԻՊ (ԹՈՒՆԱՎՈՐ ԶՈԲ)
05 Նոյեմբերի 2025, Չորեքշաբթի
Ի՞նչ է դիֆուզ տոքսիկ խպիպը (Գրեյվսի հիվանդություն կամ Բազեդովյան հիվանդություն)
Դիֆուզ տոքսիկ խպիպը (ժողովրդական լեզվում նաև՝ թունավոր զոբ) համակարգային աուտոիմուն հիվանդություն է։ Զարգանում է խթանող ազդեցություն ունեցող հակամարմինների առաջացման արդյունքում, որոնք, առանց ենթարկվելու օրգանիզմի որևէ կարգավորման, անվերջ կապվում են թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ, TSH, ТТГ) ռեցեպտորների հետ՝ բերելով վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրության (հիպերթիրեոզ), ինչի արդյունքում զարգանում է թիրեոտոքսիկոզ՝ իրեն բնորոշ կլինիկական դրսևորումներով։
Որո՞նք են թունավոր խպիպի կլինիկական դրսևորումները
Հիմնական դրսևորումներն են՝
- Տախիկարդիա (հաճախասրտություն՝ մինչև 120–130 զարկ/րոպե հանգիստ վիճակում)
- Սրտխփոց (հիվանդները երբեմն զգում են սրտի զարկերը ոչ միայն կրծքավանդակում, այլ նաև գլխում, որովայնում, ձեռքերում)
- Առիթմիաներ (սրտի ռիթմի խանգարումներ)
- Բարձրացած ախորժակի ֆոնի վրա քաշի անկում
- Նյարդային լաբիլություն (ագրեսիվության պոռթկումներ, քաոտիկ և ոչ արդյունավետ գործունեություն, լացկանություն)
- Ընդհանուր թուլություն
- Շոգի մշտական զգացողություն, նույնիսկ սառը պայմաններում
- Գերքրտնարտադրություն (ափերը գրեթե միշտ խոնավ են)
- Տրեմոր (մատների դող)
- Էնդոկրին օրբիտոպաթիա (աչքերի կողմից դիտվող փոփոխություններ, որոնք հաճախ համարվում են այս հիվանդության «այցեքարտը»)
Որո՞նք են հիվանդության առաջացման պատճառները
Թունավոր խպիպի առաջացման պատճառները մինչ օրս վերջնականապես պարզաբանված չեն։ Ըստ տարածված տեսության՝ հիվանդության զարգացմանը նպաստում է ժառանգական նախատրամադրվածության ֆոնի վրա, արտաքին գործոնների ազդեցությամբ, օրինակ՝ ուժեղ սթրեսը։
Ովքե՞ր են առավել հակված այս հիվանդությանը
Կանայք 10–15 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ։ Հիմնականում հիվանդանում են 20–50 տարեկան անձինք։
Ի՞նչ ուղղություններով է կատարվում թունավոր խպիպի բուժումը
1. Դեղորայքային (կոնսերվատիվ) բուժում՝ թիրեոստատիկ ազդեցություն ունեցող դեղամիջոցներով։ Բուժումը երկարատև է (12–18 ամիս) և կատարվում է բժշկի պարտադիր հսկողությամբ։ Այն համարվում է գրեթե անարդյունավետ, եթե՝
- Վահանաձև գեղձի ծավալը մեծ է 40 մլ
- Դիտվում է ծանր թիրեոտոքսիկոզ՝ ըստ FT3 և FT4 տվյալների
- Լիարժեք դեղորայքային բուժման կուրսից հետո հիվանդության կրկնություն
- Երկարատև թիրեոտոքսիկոզի ընթացք՝ անկախ դեղորայքային բուժումից
- ԹՏՀ ռեցեպտորների նկատմամբ հակամարմինների մակարդակը 10 և ավելի անգամ բարձր է
2. Վիրահատական բուժում
3. Ռադիոակտիվ յոդով թերապիա
Վերջին երկու մեթոդները համարվում են արմատական, այսինքն՝ վերջնական բուժում, և կիրառվում են դեղորայքային բուժման հակացուցումների, անարդյունավետության կամ անհնարինության դեպքում։ Դրանցից հետո նշանակվում է ցմահ փոխարինող հորմոնալ թերապիա։
Ինչպիսի՞ն է հիվանդության կանխատեսումը
- Բուժման բացակայության դեպքում կանխատեսումը անբարենպաստ է
- Բուժման առկայության դեպքում՝ հիմնականում բարենպաստ
- 12–18 ամսյա դեղորայքային բուժումից հետո հիվանդության կրկնման հավանականությունը կազմում է մոտ 70–75%

Սաթենիկ Մովսիսյան, Էնդոկրինոլոգ
Սաթենիկ Մովսիսյան
Կրթություն
- 1997-2007թթ․ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
- 1998-2005թթ․ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժին
- 2007-2012թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրիատ
- 2012-2015թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրա
- 2015-2018թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա «Մանկական Էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ
Աշխատանքային փորձ
- 02․2019թ. - 10․2019թ. «Արմենիա» ՀԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ
- 10․2019թ. մինչ օրս «Կարդիոլայֆ» ԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ
- 01․2023թ. մինչ օրս «ՎիտաՄեդ» ԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ
Վերապատրաստում
- 12․11․2018թ. - 28․12․2018թ․ կատարելագործման դասընթաց «Կլինիկական էնդոկրինոլոգիայի ժամանակակից հարցեր» թեմայով (Էնդոկրինոլոգների և մանկական էնդոկրինոլոգների համար)
- 25.11.2024թ. - 06.12.2024թ. «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով
Գրանցվել